ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը խոստացել է ազդեցիկ արտաքին խաղացողների ներգրավել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դոհայում կայացած բանակցությունների արդյունքներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը բանակցություններ են վարել Դոհայում:
««Աստանայի եռյակի» նիստի երկրորդ մասին հրավիրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, որն ընդհանուր առմամբ կիսում է մեր մտահոգությունը և կարևոր է համարում ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ ներգրավելով, հավանաբար, ազդեցիկ արտաքին խաղացողների, որոնք կարող են գործնականում ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, որպեսզի կանգնեցնեն ներկայիս ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները կառավարության և ընդդիմադիրների միջև»,-հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լավրովը:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: