ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հեղուկ գազի թանկացումը ՀՀ շուկայում պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նշենք` հեղուկ գազի գինը հայաստանյան շուկայում այսօր միջինը 200 դրամ է, մինչդեռ ամիսներ առաջ գազի 1 լիտրը Հայաստանում վաճառվում էր 60-70 դրամով։
«Գործոններից մեկն այն է, որ համաշխարհային շուկայում գազի գինը թանկացել է` մոտենալով 1000 խմ–ի դիմաց 600 դոլարի, որը տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով ավելի է։ Հայաստանի շուկայում գնի վրա ազդող արտաքին գործոն է նաև Վերին Լարսի փակ լինելը։ Ամեն տարի ձմռանը անցակետի փակվելու պատճառով մենք ունենում ենք մատակարարման խնդիր, առաջանում է որոշակի պակասուրդ, նաև որոշակի խուճապային իրավիճակ։ Դրանից օգտվում են մեր ներկրողները և արհեստականորեն բարձրացնում հեղուկ գազի գինը»,– նշեց տնտեսագետը։
Հավելեց` սա արդեն մեր ներքին խնդիրն է։ Այսինքն` օբյեկտիվ որոշակի պայմաններ կան, բայց հիմնականում խուճապի և տնտեսվարողների հարստանալու մոլուցքի պատճառով մենք ունենք գների աճ։
Տնտեսագետը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին Հայաստանում հեղուկ գազի գինը հասել էր աննախադեպ ցածր շեմի` 60-70 դրամի։ Վառելիքի էժանությամբ պայմանավորված` ՀՀ–ում ձևավորվեց հեղուկ գազի սպառման բավական մեծ շուկա։ Գազով շահագործվող ավտոմեքենաների տերերը իրենց ավտոմեքենաների բալոնները փոխարինեցին հեղուկ գազի լիցքավորման սարքավորումներով։ Այս ամենի արդյունքում շուկայում նաև որոշակի կենտրոնացում կամ խոշորացում տեղի ունեցավ։ Մեր զրուցակցի տվյալներով` մինչ այդ ՀՀ–ում հեղուկ գազի շուկայում շուրջ 90 կազմակերպություն էր գործում, որոնցից շատերը, չդիմանալով մրցակցությանն ու չափազանց ցածր գնին, ստիպված փակվեցին։
«Մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է այս դաշտը վերահսկելու, անհրաժեշտության դեպքում միջամտելու, ուղղակի անգործության է մատնված` պատճառաբանելով, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող չկա, հետևաբար իրենք անելիք չունեն»,– նկատեց Պարսյանը` հավելելով, որ այսօր հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող թանկացումը նաև պետական մարմնի այդ անգործության հետևանքն ու շարունակությունն է։
Ինչ վերաբերում է ապագա կանխատեսումներին, Սուրեն Պարսյանը նշեց, որ համաշխարհային շուկայում գնի թանկացմանը նպաստող պայմաններ չեն նկատվում, հետևաբար նոր թանկացում ևս այս պահին չի սպասվում։ Գազի գնի վրա կարող են ազդել նաև դոլարի և ռուբլու փոխարժեքները։ Դրանց աճի ներկա միտումները, տնտեսագետի խոսքով, ևս կարող են հեղուկ գազի թանկացման պատճառ դառնալ։