1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։
Հայաստանի հյուսիսում ընդամենը 30 վայրկյան տևած երկրաշարժն իսկական քաոսի վերածեց երկիրը։ Թե ինչ էր կատարվում Հայաստանում ողբերգությունից րոպեներ առաջ և օրեր հետո, Sputnik Արմենիան ներկայացնում է արխիվային կադրերով։
Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Երկրաշարժը շարքից հանեց Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը։
Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։
Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ավելի քան 100 երկրներ։ Երևանի և Լենինականի օդանավակայաններ բերվեցին բժշկական սարքավորումներ, դեղորայք, դոնորական արյուն, հագուստ և պարենամթերք:
...36 տարի է անցել, բայց այս ողբերգության թողած վերքերը դեռ չեն սպիացել։