ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1 200 հայկական բեռնատար։ Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4486 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 1246-ը հայկական են։
Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն վատ եղանակի պատճառով բեռնատարների կուտակումները պահպանվում են:
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: