ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևով՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։ Պարգևը նրան հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։
Պարգևատրման պապական կոնդակը ստորագրել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, որը երախտագիտություն է հայտնել մարզպետին Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերվող աջակցության համար։
«Դուք մշտապես ձեր սերն ու հարգանքն եք ցուցաբերում մեր ժողովրդի և հայկական եկեղեցու նկատմամբ՝ աջակցելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի գործունեությանը` կարևոր ներդրում ունենալով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում նաև ձեր օգնությունը հայ ժողովրդին 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում»,- ասվում է հայրապետական ուղերձում։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը լիովին համամիտ է Բեգլովի գործունեության հայրապետական բարձր գնահատականի հետ։
Նա շնորհակալություն է հայտնել ՀԱԵ-ի նկատմամբ ցուցաբերած հարգալից վերաբերմունքի և հոգատարության համար։ Նրա աջակցությամբ է ստեղծվել Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանը, որը կոչված է ծառայելու նոր սերնդի հոգևոր կրթությանը և դրանով իսկ նպաստելու ՌԴ–ում հոգևոր և մշակութային միասնությանը:
Բեգլովն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, քանի որ իրեն շատ բան է կապում Հայաստանի հետ։
«Դեռ Սպիտակից ու Լենինականից առաջ (նկատի ունի1988-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, - խմբ.) բազմաթիվ հայ ընկերներ ունեի։ Նույնիսկ մի փոքր հայերեն եմ սովորել։ Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Հայաստանում անցկացրած ժամանակի ընթացքում կարողացա ավելի լավ ճանաչել Հայաստանի մշակույթն ու նրա ժողովրդին: Բազմիցս եղել եմ Էջմիածնում, այցելել հին հայկական վանքեր ու եկեղեցիներ»,- ասել է նա։
Սանկտ Պետերբուրգի մարզպետը հայերին քրիստոնեության առումով մեծ եղբայրներ է համարում՝ հաշվի առնելով, որ նրանք աշխարհում առաջինը 301 թվականին ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 405 թվականին Հայ եկեղեցու սրբերը ստեղծեցին այբուբենը։
Մարզպետը նաև նշել է հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ և կոչ արել խնամքով պահպանել այդ ժառանգությունը։