ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին տաքսիստները ՀԴՄ կտրոններով գեներացրել են 23 մլն դրամ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահի ներկայացրած այս թիվը Փաշինյանին շատ է զարմացրել։
«Ճիշտ է` թղթի վրա մի քանի անգամ կարդացել եմ, բայց զարմացել եմ։ Ընդ որում` այս թիվն աճողական է. առաջին ամսում եղել է 5 մլն դրամի գեներացում»,– հայտարարեց նա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն տաքսիստներին, որոնք ուղևորներին ՀԴՄ կտրոններ են տրամադրել։
Հիշեցնենք, որ սեպտմբերի 1–ից ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Չտրամադրելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ։