ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սիրիական պետական հեռուստահաղորդակցության ընկերությունը դադարեցրել է բաժանորդների սպասարկումը Հալեպ նահանգում: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։
«Սիրիայի կենտրոնական մասում ահաբեկչական հարձակումների պատճառով Հալեպում դադարեցվել են կապի ապահովման ծառայությունները»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: