ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
«Սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած դրույթը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը։ Բացի այդ, զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի մշակման գործում»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք` երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
Նշենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին էր ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։