ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական պարտքի ընթացիկ ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար։ Այս հայտարարությունն արել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան` ներկայացնելով բանկի` 2025-2027 թվականների մակրոտնտեսական կանխատեսումները։
Փորձագետի խոսքով` թեման զգայուն է, սակայն մտահոգության լուրջ նախադրյալներ չկան:
«Հայաստանի պետական պարտքի ծավալը զարգացող երկրների շրջանում միջինից ցածր մակարդակում է։ Կայուն տնտեսական աճը և ներքին պահանջարկի ավելացումը բյուջեի լրացուցիչ եկամուտներ են ձևավորում` թույլ տալով արդյունավետ կառավարել պարտքի բեռը»,- նշել է Սոբոլևսկայան։
Նա նաև ընդգծել է, որ բյուջետային ծախսերի ավելացումը, այդ թվում` փոխառվող միջոցների հաշվին, կփոխհատուցվի ներդրումային ներուժի աճով և տնտեսական բազայի ընդլայնմամբ:
ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ և գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը հավելել է, որ պետական պարտքը վերլուծելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն դրա բացարձակ ծավալը, այլև սպասարկման արժեքը:
«Հայաստանի համար պարտքի սպասարկման արժեքը շարունակում է ցածր մնալ։ Պարտքի մեծ մասը բաժին է ընկնում սուվերեն վարկերին, որոնք տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով: Բացի այդ, Հայաստանի կողմից առևտրային պայմաններով թողարկված եվրապարտատոմսերը խիստ շահավետ պայմաններով են ներգրավվել»,-ընդգծել է Վինոկուրովը։
ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն` Հայաստանի պետական պարտքի ծավալը 2024 թվականի վերջի 5,037 տրլն դրամից 2025 թվականի վերջին կհասնի 5,914 տրլն դրամի (մոտ 13,972 մլրդ դոլար՝ ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 49,8%-ից կաճի մինչև 53,5%: Պարտքի սպասարկման ծախսերը, ներառյալ վարկերի և պարտատոմսերի վճարումները, կկազմեն 394,1 մլրդ դրամ (մոտ 1,015 մլրդ դոլար):