Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման է ձգտում

Սիրիայում թուրքամետ զինյալների հարձակման ֆոնին Էրդողանը հայտարարում է քաղաքական լուծման իր պատրաստակամության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ձգտում է ճանապարհ հարթել Սիրիայում քաղաքական կարգավորման համար, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտել, և Թուրքիայի «ամենամեծ ցանկությունն» այն է, որ Սիրիայում այլևս չլինի անկայունություն և զոհեր քաղաքացիական անձանց շրջանում։
Թուրքիայի նախագահը նաև կարծում է, որ Սիրիայի իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն սեփական ժողովրդի հետ՝ համապարփակ քաղաքական լուծման հասնելու համար։ Անկարան, իր հերթին, ձգտում է նվազեցնել լարվածությունը, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ճանապարհ հարթել քաղաքական գործընթացի համար:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը: Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր: