ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին: Այս մասին Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Մենք քննարկել ենք այդ նախագիծը և պատրաստ ենք աշխատել դրա շուրջ։ Սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, ուստի այս պահի դրությամբ չենք մասնակցում», - նշել է Պոդգուզովը՝ հավելելով, որ բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե հայտի կարգավիճակը փոխվի։
Նա նաև ընդգծել է, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:
«Հենց պարզություն լինի, մենք կկողմնորոշվենք», - հայտարարել է ԵԱԶԲ ղեկավարը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս էր հայտնել, որ մինչև 2025 թվականը Ամուլսարի հանքում կսկսվի ոսկու արդյունահանումը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Lydian» միջազգային ընկերությունը և ԵԱԶԲ-ն ստորագրել էին հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում էր ներգրավել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 100 մլն-ը որպես վարկ պետք է տրամադրեր ԵԱԶԲ-ն։
Ամուլսարի հանքը, որը ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում, գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Ջերմուկից և Կեչուտի ջրամբարից ոչ հեռու։ Բնապահպանական նշանակություն ունեցող օբյեկտներին մոտ լինելն առաջացրել էր ակտիվիստների բողոքի ալիքը, որոնք 2018 թվականից արգելափակել էին հանքի մուտքը:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կառավարությունը պահանջեց վերանայել նախորդ իշխանությունների կողմից «Lydian»-ին տրված հանքարդյունաբերության թույլտվությունները: Իրականացված բնապահպանական փորձաքննությունները ցույց տվեցին, որ ռիսկերը կառավարելի են, սակայն հանքն այդպես էլ չգործարկվեց։
Ձգձգված պարապուրդի ֆոնին «Lydian Armenia» ընկերությունը հայտարարում էր, որ օրական կորուստը կազմում է մոտ 500 հազար դոլար: Չնայած ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը պետությանը հանձնելուն՝ հանքի գործարկման գործընթացը մնում է հարցականի տակ: