ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Անկարան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական տեղաշարժը կհանգեցի խաղաղության պայմանագրի կնքման։ Այս մասին նշվել է այսօր Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում։
«Ընդգծվել են մեր ակնկալիքներն ու ցանկությունները, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքման, և նշվել է, որ տևական խաղաղությունը բխում է մեր տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից»,- ասվում է ԱԽ–ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 90 տոկոսը համաձայնեցված է: Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մալթայում հայտարարել է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում առաջընթաց կա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ արդեն համաձայնեցված են պայմանագրի նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։
Նշենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին էր ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։