ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի։ Այսօր արցախցիների զբաղվածության և բնակապահովության ծրագրերը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ի մամուլի ծառայությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն այս պահին փորձում են լավարկել մի քանի ուղղություններով։
Փոխնախարարի խոսքով՝ խոսքը վերաբերում է ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը և այլն։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։