Վայր կդնի՞ մանդատը, եթե Փաշինյանը խնդրի․ ՔՊ խմբակցության ղեկավարի պատասխանը

Հայկ Կոնջորյան
Հովիկ Աղազարյանի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին լրագրողներին հետաքրքում է, թե ՔՊ–ականներից ովքեր են պատրաստ կատարել Փաշինյանի «խնդրանքը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Անշուշտ, վայր կդնեի»,- նշեց Կոնջորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու կհրաժարվի այն մանդատից, որը նրան տվել է ժողովուրդը։ Կոնջորյանն անպատասխան թողեց այդ հարցը։
Հիշեցնենք` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հրաժարվեց մանդատից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ինքն է Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին խնդրել վայր դնել մանդատները: Աղազարյանը հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։ ՔՊ–ն դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեց կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։