ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։
Նշենք, որ նոյեմբերի 3-ին, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Իր կողմից արտահոսք արված տեղեկությունը գաղտնագրված է և օրենքով սահմանված կարգով գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնյաներն ու պատգամավորներն իրավունք չունեն դա հրապարակել», - ասաց Կոնջորյանը։
Հարցին՝ ինչու են վստահ, որ հենց Աղազարյանն է արտահոսքի հեղինակը, Կոնջորյանը շեշտեց՝ վարչության նիստի ժամանակ նա այդ հանգամանքը չի հերքել։
ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ Աղազարյանի հետ առնչվող տարբեր քրեական գործերով հարուցված վարույթներ կան և հենց դրանց շրջանակներում իրականացված գործողությունների ժամանակ ի հայտ են եկել նաև այդ տեղեկությունները։
Կոնջորյանը վստահեցրեց՝ որևէ մեկը չի ճնշել Հովիկ Աղազարյանին, եթե իշխանությունը որոշեր ճնշել, ապա վերջինս մանդատը վայր կդներ։
Հավելենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևեց Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ մանդատը վայր չի դնի։