ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակումներ է անում, թե Հայաստանը նոր սադրանքներ է պատրաստում իրենց դեմ։
«Այդ հրապարակումների հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական առումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ, ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը կայուն լինի։ Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելով։ Մենք չպետք է տրվենք որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանենք մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ են արել՝ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետը շեշտեց՝ առաջիկայում, փոխադարձ համաձայնությամբ պետք է դելիմիտացիայի պրոցես սկսեն հաջորդ հատվածում։
«Ես ուղղակի բացառում եմ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։ Մեր երկրի ավելի քան 200 ք/կմ տարածքն օկուպացված է, բայց մենք հայտարարում ենք՝ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր իրակարգում չկա և չի լինելու։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը հնարավորություն է տալիս, որ մենք ամեն ինչ անենք բանակցային հիմքի վրա։ Հուսամ՝ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև դրա 90 տոկոսն արված է»,- նշեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 8-ին Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսն է համաձայնեցված։ Նա նաև շեշտել էր, որ Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները։