ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտին մասնակցելն ուղիղ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին Հաագայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ՝ միջազգային իրավական նորմերի պահպանման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ:
Զախարովան նշել է` բոլորը, այդ թվում` հայ գործընկերները, շատ լավ գիտեն, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում այդ «հրաշքին»։
«Մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին Երևանի մասնակցությունը այսպես կոչված Հռոմի կանոնադրությանը ուղիղ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Ընդ որում` ոչ միայն խորհրդանշական ձևով, այլև գործնականում»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ եթե ՄՔԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունը նպաստեր միջազգային որոշ իրավական նորմերի ամրապնդմանը, ապա դա դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել: Բայց, նրա խոսքով, այդ կեղծ դատարանի երկու տասնամյակների աշխատանքի պրակտիկան ճիշտ հակառակն է ցույց տալիս։
«ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել ոչ մի հակամարտություն, որով նա փորձել է զբաղվել։ Ընդ որում՝ միջազգային իրավունքի, արդարադատության բազային ստանդարտների և պարզապես ողջախոհության ուղղակի խախտումների պակաս չկա նրա ծառայողական ցուցակում։ Աջակցության և համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները միայն խրախուսում են այսպես կոչված դատարանին նոր արկածախնդրությունների դիմել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: