ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայ դպրոցականները ՌԴ–ից ժամանած մասնագետներին զարմացրել են Ռուսաստանի ազգային ավանդույթների և ռուսաց լեզվի իմացության մակարդակով: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեցին ռուսաց լեզվի մագիստրոսները, որոնք դասընթացներ են անցկացրել Տավուշում և Գեղարքունիքում։ Նրանք խոստովանեցին, որ Հայաստանից ավելի շատ գիտելիք են տանելու, քան բերել են։
«Թե՛ Գավառի դպրոցում, թե՛ Կարմիրգյուղում մեզ շատ ջերմ դիմավորեցին և՛ երեխաները, և՛ ուսուցիչները։ Երեկ, երբ եկանք փաստաթղթեր ստորագրելու, ընդ որում` երեկ դասեր չէինք անցկացնում, մոտեցան, բարևեցին, հարցրին. «Վա՜յ, այսօ՞ր եք գնում։ Իսկ ինչո՞ւ։ Դուք կարող եք ավելի երկար մնալ, խնդրում ենք, որ մնաք»: Նրանք շատ էին կապվել մեզ հետ, մենք էլ՝ իրենց: Դժվարությամբ ենք հեռանում», - խոստովանեց Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Արինա Նիկիտինան։
Նիկիտինային զարմացրել է ռուսաց լեզվի և ընդհանրապես ռուսական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, և թե հայ երեխաները որքան շատ բան գիտեն ռուսական պատմության, ավանդույթների մասին։
Հայաստանում է նաև ՄՊՀ մագիստրատուրայի ուսանող Սոֆյա Դուբաչովան: Նրա խոսքով՝ և՛ դպրոցի տնօրենը, և՛ ուսուցիչներն առաջարկել են մնալ և շարունակել աշխատանքը Հայաստանում:
«Ուղիղ տեքստով մեզ ասացին, որ եթե ցանկանաք, կարող եք վերադառնալ ու դասավանդել դպրոցում։ Ուսուցիչներն առաջարկեցին, իսկ երեխաները պահանջեցին։ «Վերադարձե՛ք ու դասավանդե՛ք այնքան, մինչև մենք ավարտենք»,- նրանց խոսքերն է հիշում Դուբաչովան։
Պրակտիկան օգնել է հետաքրքիր բաներ իմանալ Հայաստանի մասին։ Դա հնարավոր է դարձել հենց դպրոցի անցկացրած միջոցառումների շնորհիվ, որտեղ ռուս մագիստրանտները հրավիրվել են որպես հանդիսատես, հյուրեր։ Շատ հետաքրքիր բաներ են պատմել նաև դպրոցականները։
Մոսկվայի մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ուսանողին զարմացրել են հատկապես 7-րդ դասարանցիներն իրենց ռուսերենի իմացությամբ։ Նա առանձնացրել է դպրոցականներից մեկին, ով ոչ միայն հիանալի տիրապետում է ռուսերենին, այլև գլուխ է հանում ռուսական ռոք խմբերից։
«Յոթերորդցիների մեջ մի տղա կար, որ ինձ շատ զարմացրեց. շատ մաքուր ռուսերեն գիտի, շատ ճիշտ է գրում, անսխալ: Դասերից մեկի թեման էր՝ «Երաժշտությունը մեր կյանքում»: Եվ տղան սկսեց թվարկել ռուսական ռոք խմբերին: Օրինակ՝ «Король и шут»-ը։ Ես այնքան զարմացա՝ մեզ մոտ ոչ բոլորը գիտեն այս խմբին։ Հարցրի` դու գիտե՞ս այդ խմբին։ Պատասխանեց` ոչ միայն գիտեմ, այլև լսում եմ, և ինձ շատ է դուր գալիս»,- պատմեց Սոկոլովան:
Ի դեպ, ՌԴ–ից ժամանած ուսանողները մեկ ամսում հասցրել են հայերեն բառեր սովորել՝ «տոպրակ», «արի», «աջ», «ձախ», «շնորհակալության»:
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան հայտնեց, որ այս տարի Հայաստան է ժամանել 6 մագիստրոս, որոնք ուղարկվել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Դիլիջանի, ինչպես նաև Գավառի և Կարմիրգյուղի դպրոցներ։
Տավուշում և Գեղարքունիքում անցկացված ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցել է ավելի քան 1500 ունկնդիր:
«Ռուսաստանից ժամանած երիտասարդները դասավանդման նոր մեթոդներ և ձևեր ցույց տվեցին, իսկ ուսուցիչները բազմիցս նշեցին, որ նման հանդիպումներն իրենց համար շատ օգտակար են. շատ նոր բաներ են սովորում։ Մեզ համար հատկապես հաճելի է, որ նրանք չէին ցանկանում բաց թողնել մեր մագիստրոսներին։ Այսօր նրանց պրակտիկայի վերջին օրն է, նրանց արդեն առաջակել են ապրել ու աշխատել այստեղ։ Կարծում եմ՝ ուսանողները մտածում են առաջարկի մասին։ Այնպես որ ծրագրի արդյունավետությունը կասկածի տեղիք չի տալիս, մենք դա տեսնում ենք և՛ դասի վազող երեխաների արձագանքից, և՛ դպրոցների ու համալսարանների աշխատակազմերի արձագանքից», - ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետը։
Նշենք, որ Հայաստանում ռուսերենի դասընթացներ են անցկացրել Ռոսսոտրուդնիչեստվոյի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպված «Ռուսաց լեզվի մագիստրոս - 2024» մրցույթի հաղթողներն ու եզրափակիչ փուլ անցածները:
Այս տարի ընտրվել են «Ռուսաց լեզվի մագիստրոս - 2024» նախագծի 30 հաղթողներ և եզրափակիչ փուլ անցած մասնակիցներ, որոնք Հայաստանից բացի պրակտիկա են անցել ևս 11 երկրում` Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունների և գործընկեր կրթական կազմակերպությունների հարթակներում՝ Հնդկաստանում, Վիետնամում, Եգիպտոսում, Հորդանանում, Ղրղզստանում, Մոնղոլիայում, Տաջիկստանում, Տանզանիայում, Թուրքիայում, Շրի Լանկայում, Եթովպիայում։