ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները ոչ թե գործադուլ են արել, այլ քաղաքային իշխանության դեմ շանտաժ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել, ըստ այդմ` նրանց գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Հանրային տրանսպորտի ոլորտում ստվերային շրջանառություն կար, որոշակի առումով հիմա էլ կա։ Դրա դեմ պայքարն անզիջում է լինելու։ Վարորդների բարձրացրած որոշ խնդիրներ օբյեկտիվ են, և դրանց լուծման ուղղությամբ մենք զբաղվում ենք։ Միևնույն ժամանակ նրանք ասում են նաև, որ մինչ այս չեն բարձրաձայնել նման խնդիրներ (աշխատավարձ, ավտոբուսներում մաքրություն, զուգարան. խմբ․), քանի որ կողքից եկամուտ են ունեցել»,- ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց՝ մինչ նոյեմբերի 1-ը, երբ ներդրվեց միասնական տոմսային համակարգը, աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն դրամ է հավաքագրվել։ Նոյեմբերի 1-ից, երբ քաղաքացիները կա՛մ 100 դրամանոցներ են գցում սարքի մեջ, կա՛մ QR կոդերով են տոմսերը վավերացնում, միջինում աշխատանքային օրերին 35 մլն դրամ է հավաքագրվում, իսկ շաբաթ–կիրակի` 23 մլն դրամ՝ նախկին18 մլն դրամի փոխարեն։
«Մենք չենք խոստացել, որ այս բարեփոխումները հեշտ են ընթանալու, բայց երբ խոսքը կորսված օրական 5 մլն դրամի մասին է, ապա պարզ է՝ մարդիկ չեն ցանկանում այդ գումարից կտրվել։ Սա գործադուլ չէ, սա շանտաժ է և մենք դրան չենք տրվելու։ Փորձում են քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, որ մենք էլ ասենք՝ դե լավ, էկեք կոմպրոմիսի գանք, դուք էլ մի քիչ քիչ գողացեք։ Նման խոսակցություններ չեն լինելու»,- ընդգծեց Գրիգորյանը։
Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։
Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն 18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու: