ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում ամենակարևոր հարցն այն է, որ քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի, Սիրիան չպետք է ավելի մեծ անկայունության աղբյուր դառնա, և Թուրքիան ամեն ինչ անում է այդ երկրում հանգստություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է վճռական դիրք զբաղեցնել ՔԲԿ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն. ահաբեկչական կազմակերպություն,– խմբ.) և նրա կամակատարների դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից:
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։