Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆ

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը վճռականորեն կաջակցի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Իրանական կողմն ուղիղ հայտարարել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին: Թեհրանը ահաբեկչության դեմ պայքարում վճռականորեն կաջակցի Սիրիային։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Անկարա այցի ընթացքում անցկացվել են կարևոր բանակցություններ, որոնց շրջանակներում փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ ուղերձը ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային իր ամուր աջակցության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարը մանրամասն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. հայտարարվել է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները` հատկապես Սիրիայի հարևանները, կգան այն եզրահանգման, որ ահաբեկչությունը վարակ է»,- Tasnim գործակալության փոխանցմամբ` ասել է Բաղային։

Նա ընդգծել է, որ եթե Մերձավոր Արևելքի երկրները չհամագործակցեն և չմասնակցեն ահաբեկչության հարցի լուծմանը, ապա տարածաշրջանի բոլոր երկրներն անպայման կտուժեն դրանից:
Հալեպում զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում 10 000 հայ է հայտնվել․ Սինանյան
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»* (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա) ահաբեկչական խմբավորումը, մի շարք զինված կազմավորումների հետ համատեղ, որոնք մտնում են այսպես կոչված սիրիական զինված ընդդիմության մեջ, նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն է սկսել՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ և Համա քաղաքներ: Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձեր են ձեռնարկել առաջ շարժվելու Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը: Սիրիական բանակի հրամանատարությունն իր հերթին դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը դադարեցվել է և կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով զինյալների կողմից նախկինում գրավված մի շարք բնակավայրեր:
*ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։