ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Եթե հրադադարը խախտվի, իսրայելական բանակը կմտնի Լիբանանի խորքեր և հարվածների դեպքում տարբերակումներ չի դնի Լիբանան պետության ու «Հզբոլլահ» շարժման միջև: Այս մասին իսրայելա-լիբանանյան սահման կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա ընդգծել է, որ Լիբանանի իշխանությունները, համաձայն պայմանավորվածության, պետք է կարգադրեն, որ իրենց բանակը երկրի հարավում իրականացնի ստանձնած դերակատարությունը և «Հզբոլլահին» հեռացնի Լիտանի գետից հյուսիս՝ ապամոնտաժելով այդ շարժման ենթակառուցվածքը:
«Եթե նրանք դա չանեն, և այս ամբողջ համաձայնագիրը փլուզվի, ապա իրականությունը պարզ կլինի։ Եթե մենք նորից պատերազմենք, վճռական ենք գործելու, ավելի խորն ենք գնալու։ Ամենակարևորն այն է, որ նրանք պետք է հասկանան, որ Լիբանան պետության համար այլևս բացառություններ չեն լինի», - հայտարարել է Կացը։
Նախարարի խոսքով` Իսրայելը բոլոր ջանքերը կներդնի հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար, սակայն զրո հանդուրժողականություն կդրսևորի և վճռականորեն կպատասխանի հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած խախտման:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։