Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն է մտցվում

Կառավարության հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ Յուն Սոկ Յոլը հայտարարել է իր դեմ իմպիչմենտի ընթացակարգ անցկացնելու փորձերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն է մտցվում։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը:
«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերը և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը», - ասել է նա:
Yonhap-ի տվյալներով՝ ավելի վաղ կառավարության հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր իր դեմ իմպիչմենտի ընթացակարգ անցկացնելու փորձերի մասին:
Իր ուղերձի ընթացքում նախագահը ռազմական դրություն մտցնելն անվանել է մարդկանց ազատության և անվտանգության, ինչպես նաև հակապետական ուժերի գործողություններից երկրի կայունության ապահովման անխուսափելի միջոց:
Ռազմական դրություն. ի՞նչ է փոխվում Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար
Միևնույն ժամանակ, երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցկացվել է զինված ուժերի առանցքային հրամանատարների խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են զինված ուժերի արտակարգ պատրաստվածության և պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ: