ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 18 վարորդ աշխատանքից ազատվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնել ենն, որ ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
«Հասարակական տրանսպորտի վարորդների այսօր իրականացրած գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ ավտոբուսների վարորդները պահանջում են Երևանի քաղաքապետարանից, որպեսզի իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։