Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Անհրաժեշտ փորձաքննության համար փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անվտանգության ապահովման կանոնները խախտելու հոդվածով (355-րդ հոդվածի 1-ին մասով)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նոյեմբերի 29–ին տեղեկացրել էինք, որ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Պայթյունի հետևանքով 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Վանաձորի բժշկական կենտրոն», այնտեղից էլ` Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր»,– հայտնում է ՔԿ–ն։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Բացի այդ, փակվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:
Նախաքննությունը շարունակվում է: