ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, ակտիվորեն ճանապարհ է հարթում դեպի Կասպից ծով, և Հայաստանի տարածքով միջանցք բացելու ճանապարհին Անկարան աշխարհաքաղաքական և գաղափարական էքսպանսիայի խնդիրներ է լուծում։ Ռուսաստանցի արևելագետ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովն այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ։
Այս համատեքստում Ավատկովն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին, որը նա բավականին ոչ ստանդարտ է համարում։
Փորձագետի խոսքով` Թուրքիան (Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո. խմբ.) իրեն հաղթող է զգում և փորձում է քաղաքական ու տնտեսական շահավետ կապեր ձևավորել տարածաշրջանում, ձգտում է ձևափոխել Հարավային Կովկասը: Այդ տրամաբանության մեջ են Երևանի հետ հարաբերությունների ուղղությամբ արված նրա քայլերը։
«Թուրքիային միջանցքներ են պետք դեպի Կասպից և Կենտրոնական Ասիա, որպեսզի ավելի մոտենա Չինաստանին։ Իհարկե, դրանից բացի, այդ երկիրն ունի իր գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ)։ Դա նույնպես պետք է հաշվի առնվի: Թուրքական պետությունը բավական գաղափարականացված է։ Թուրքիային պետք է, որ Հայաստանն իր և Ադրբեջանի միջև լինի միջանցիկ տարածք, և որ ինքը կարողանա անարգել տեղափոխել իր ապրանքները։ Իսկ եթե որևէ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ նա շարժվում է դեպի Կասպից ծով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Կասպից ծով», - ասաց Ավատկովը։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց արևելագետը, Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետությունների թյուրքական քաղաքակրթության պատմությունը շատ ավելի հին է, քան ժամանակակից Թուրքիան, որը, լինելով թյուրքական աշխարհի ծայրամաս, փորձում է պարտադրել հակառակը։
Սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու թուրքական պահանջը նախևառաջ աշխարհաքաղաքական գաղափար է համարում:
Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է Ադրբեջան դուրս գալ Վրաստանի, Իրանի տարածքներով, բայց նա ցանկանում է հենց Հայաստանի հարավով։ Հետևաբար խոսքը ոչ միայն և ոչ այնքան տրանսպորտային հաղորդակցությունների, որքան էքսպանսիայի մասին է։
Գևորգ Պողոսյան
© Sputnik
Նշենք, որ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար արտատարածքային միջանցք տրամադրելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջները Անկարայի հիմնական նախապայմաններից են։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ։ 2024 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը քննարկվել է նաև Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման հնարավորությունը: Բայց այդ բոլոր պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել։