Ինչպես է արձագանքել Բաղրամյանի ընտանիքը ԼՂ–ի իրադարձություններին. պատմում է մարշալի թոռը

Հովհաննես Բաղրամյանը համոզված է, որ եթե իր պապը ողջ լիներ, միանշանակ կդատապարտեր պատմությունը կեղծելու փորձերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik Արմենիա. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ընտանիքը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հետ կապված ողբերգական իրադարձությունները։ Այս մասին «Ռուսաստան–Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց զորավարի թոռը՝ Հովհաննես Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ տագնապ է առաջացնում ոչ միայն ռազմական պարտությունը, այլև մշակութային ժառանգության կորուստը, ինչով ներկա փուլը ավելի ծանր է դառնում:
Բաղրամյանն ընդգծեց, որ միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում են Արևելյան Եվրոպայում և Ուկրաինայում խորհրդային զինվորների հուշարձանների ապամոնտաժման դեպքերը: Այսպես, Չեխիայում 2020 թվականին քանդվել է մարշալ Կոնևի հուշարձանը, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատագրել է Պրահան։ Սակայն, մեր զրուցակցի խոսքով, նախկին ԽՍՀՄ տարածքում նմանատիպ իրադարձությունները գրեթե աննկատ են մնում։
Հայաստանում մարշալ Բաղրամյանի անվան թանգարան կստեղծվի
Նման միջադեպերից մեկը 1988 թվականին էր՝ ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակաընթացքում, երբ Կիրովաբադում (այժմ՝ Գյանջա) ապամոնտաժվեց Մարշալ Բաղրամյանի կիսանդրին։
«Մոտեցավ բեռնատարը, հուշարձանը շղթայակապ անելով պոկեցին ու տարան անհայտ ուղղությամբ։ Այսօր այս հուշարձանի գոյության մասին հիշեցնում են միայն ընտանեկան արխիվի լուսանկարները», - հիշում է մարշալի թոռը։
Ցավոք, սա նմանօրինակ միակ դեպքը չէ։ 2024 թվականի գարնանը Ստեփանակերտում ավերվեցին Հայրենական մեծ պատերազմի նշանավոր հերոսների՝ մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի և Խորհրդային Միության կրկնակի հերոս` օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները։ Սակայն այս իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվել մամուլում, ինչը նույնպես ցավ ու հիասթափություն է Բաղրամյան ընտանիքի համար։
Մարշալի թոռը նաև մտահոգություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի առումով, հատկապես արևմտյան երկրներում: Նրա խոսքով՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հաճախ զրկված են պատմական իրադարձությունների մասին տարրական գիտելիքներից։
Մարշալ Բաղրամյանի թոռը անեկդոտով է պատասխանել Ռիգայում հուշարձան քանդելու մասին որոշմանը
«Ճապոնիայում շատ երիտասարդներ չգիտեն, որ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբերը նետել են ամերիկացիները, այլ ոչ թե ԽՍՀՄ-ը», - այս համատեքստում ասում է նա:
Մարշալ Բաղրամյանի թոռը հիշեցրեց նաև խորհրդային զորքերի պատմական հաղթանակները յուրացնելու փորձերի մասին: Օրինակ, 2020 թվականին՝ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-րդ տարեդարձին, արևմտյան ԶԼՄ-ներում պնդում էին, որ դա արել են ուկրաինացի զինվորները, ինչն ամբողջովին խեղաթյուրում է իրականությունը։
«Աղավաղվում են նույնիսկ առանցքային ճակատամարտերի (ինչպիսիք են Կուրսկի աղեղինը կամ Ստալինգրադինը) պատմությունները, որտեղ փոխվում են աշխարհագրությունն ու իրադարձությունների հիմնական մասնակիցները», - ընդգծեց նա:
Հովհաննես Բաղրամյանը համոզված է, որ եթե իր պապը ողջ լիներ, միանշանակ կդատապարտեր կեղծարարության նման փորձերը:
«Մանկուց նա տարված էր պատմությամբ, մանրամասն գիտեր այն և միշտ պաշտպանում էր ճշմարտությունը», - նշեց զորավարի թոռը:
Զրույցի վերջում նա պատմեց պապի կյանքի հետաքրքիր դրվագներից մեկը. 1973 թվականին Մարշալը Ֆրանսիայում մասնակցում էր Կուրսկի ճակատամարտին նվիրված քննարկմանը։ Իր հեղինակության և փաստերի իմացության շնորհիվ նա կարողացավ համոզիչ կերպով պաշտպանել պատմական ճշմարտությունն արտասահմանյան ընդդիմախոսների մոտ։