ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Արթուր Գևորգյան
Արթուր Գևորգյանը մեղադրվում է ապօրինի հաստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և փողերի լվացման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազը դեռ 2023 թվականի օգոստոսին հեռակա դատաքննությունիրականացնելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
«Այսօր դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը»,– ասված է դատախազության հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Արթուր Գևորգյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ապօրինի հաստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և փողերի լվացման հոդվածներով։ 2023 թվականին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նշենք, որ Արթուր Գևորգյանը` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, 2009-2012 թթ. եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2018 թվականին դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։