ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արդեն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ իր դեմ պայքար են տանում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Նազարյանը չցանկացավ մանրամասնել, թե ովքեր էին իր դեմ պայքարողները։
Նոյեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Գեղամ Նազարյանին առաջարկվել է դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից, նա համաձայնել է։
Ըստ Գեղամ Նազարյանի` 2022 թվականից սոցիալական ցանցերում իր մասին կեղծ տեղեկություններ էին սկսել տարածել։ Թե ինչն է այդ ամենի պատճառը, Նազարյանն ինքն էլ չգիտի, ասում է՝ մտածում է դրա շուրջ։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր վերջին հայտարարություններից մեկին, թե ներել է նրան, Նազարյանը նշեց՝ ներել, չի նշանակում հասկանալ։
«Այն, որ ես ասում եմ՝ Նիկոլին ներել եմ, չի նշանակում, թե ես հասկացել եմ, որ Նիկոլը ճիշտ էր կամ Նիկոլի գործողությունները ես հասկացել եմ, որ օրինաչափ էին, կամ Նիկոլը չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որը հանգեցրեց ծանր կորուստների, ողբերգության, արհավիրքի»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ներելը քրիստոնեական քայլ է։
Նազարյանը չի կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի միակ մեղավորն է, ասաց` մի օր այդ մասին կխոսի։
Խոսելով «Հայաստան» խմբակցությունից իր հեռացման մասին՝ Նազարյանը նշեց՝ շնորհակալ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ իրեն ընդգրկեց նախընտրական ցուցակում, ինչի շնորհիվ էլ ինքը հնարավորություն ստացավ խորհրդարան մտնելու։
«Դա հնարավորություն տվեց և՛ շատ հարցեր ուսումնասիրել, և՛ շատ խնդիրներ փորձել լուծել և լուծել։ Եվ ես իրեն շնորհակալ եմ, որ մեր զրույցը շատ բարձր մակարդակի եղավ, որ մենք իրար ձեռք սեղմեցինք ոչ թե որպես հրաժեշտի նշան, այլ որ ընկերներ ենք և այդպես կշարժվենք առաջ»,- ասաց նա։
Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ չի բացառվում` «Հայաստան» խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ է մեկնել և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա: Ըստ ԶԼՄ–ների` Վիետնամ այցելելուց հետո նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց օրակարգում չկա։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որոնք չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Խամոյանը ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ «Հայաստան» խմբակցության թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նազարյանի հարցն առաջիկայում քննարկման առարկա կդառնա «Հայաստան» դաշինքում։