Խորհրդարանի հրկիզում ու Մոլոտովի կոկտեյլներ. գիշերը Թբիլիսիում «թեժ» էր

Երրորդ օրն է, ինչ Վրաստանի մայրաքաղաքում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Անցած գիշեր Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների:
«Խաղաղ ցույցերը» տևել են գրեթե 12 ժամ և կրկին ուղեկցվել են բարիկադների կառուցմամբ, այս անգամ՝ երկաթե թիթեղներից։
Ընդդիմության բողոքի ակցիաները Թբիլիսիում
Ցուցարարները ճայթուկներ են կիրառել, ինչպես նաև ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել, իսկ որոշ սադրիչներ հրկիզել են խորհրդարանի շենքը (պատուհանից):
Ոստիկանությունն իր հերթին հավաքվածներին ցրելու համար հատուկ միջոցներ է կիրառել (ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ) և ձերբակալություններ իրականացրել:
Ընդդիմության բողոքի ակցիաները Թբիլիսիում
Արդեն ցերեկը ՆԳՆ-ն կհնչեցնի տուժածների և ձերբակալվածների թվերը։ Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին ձերբակալվել է 150 մարդ, տուժածների թվում կան ինչպես ցուցարարներ, այնպես էլ իրավապահներ և լրագրողներ: Տուժածների ստույգ թիվն այս պահին հայտնի չէ։
Ընդդիմության բողոքի ակցիաները Թբիլիսիում
Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր իշխանությունը բռնի տապալելու փորձի մասին։ Գերատեսչությունում նշել են, որ անհատների որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքների ժամանակ ապակառուցողական և բռնի սցենարներով, որոնք մշակվել են կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների և ՀԿ-ների ղեկավարների կողմից:
Ընդդիմության ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մինչև 2028 թվականը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը դադարեցնելու որոշման մասին: