Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Կիլիկիայի կաթողիկոսարան

Թե՛ Հալեպում, թե՛ Քեսաբում բնակվող հայ համայնքի պատասխանատուներին հրահանգված է, որ մարդիկ մնան տանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում տեղի ունեցող զինված բախումները առհասարակ հեռու են հայկական թաղամասերից։ Տեղեկությունը հայտնում է Կլիկիայի կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արամ Ա Վեհափառը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, մշտապես կապի մեջ է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Ընդդիմադիր զինված խմբերը ներկայացնող անհատներն այցելում են հայ և քրիստոնիա համայնքների բնակարաններ ու կենտրոններ՝ հայտնելով, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար լինել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թե՛ Հալեպում, թե՛ Քեսաբում բնակվող հայ համայնքի պատասխանատուներին հրահանգված է, որ մարդիկ մնան տանը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատեն ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի»* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
* «Հայաթ Թահրիր աշ-Շամը» ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանում: