ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Այս գիշերը Բրյանսկի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ թիրախներից մեկը դարձել է Ստարոդուբսկի քաղաքային օկրուգի տարածքը։ Խաղաղ բնակիչների ուղղությամբ թիրախավորված հարվածի հետևանքով երեխա է մահացել։
«Ծանր գիշեր էր մեր տարածաշրջանի համար։ Ուկրաինացի ահաբեկիչները զանգվածային հարձակում են իրականացրել։ Ցավոք, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեխա է մահացել», - գրել է մարզպետը՝ ցավակցություն հայտնելով մահացածի ընտանիքին։
Բոգոմազը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է մեկ բնակելի տուն: Մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքում վնասվել են պատուհանները, պատշգամբներն ու ճակատային հատվածը։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները, կատարվում է վնասի գնահատում և ճշտվում են հետևանքների մասին տեղեկությունները: Մահացած երեխայի ընտանիքին մարզպետը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։