ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորքի 1–ին զանգվածում կառուցապատման աշխատանքների պատճառով «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն իրեն պատկանող տարածքում (Գայի պողոտա, 14/3 շինություն) լիովին փակել է հետիոտների համար նախատեսված մայթը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ անցնում ճանապարհի երթևեկելի մասով` վտանգելով իրենց կյանքը։
Հասկանալու համար, ինչ իրավունքով է ընկերությունը զավթել մայթը, Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան։
Մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ ընկերությունը սեփական հողի վրա, ունենալով շինթույլտվություն, հասարակական կառուցապատում է իրականացնում 24 ամիս ժամկետով։ Շինթույլտվությունը տրվել է այս տարվա նոյեմբերի 6–ին։
«Որպես կանոն` եթե շինարարության ծավալներն այնքան են, որ մայթն էլ է անհրաժեշտ զբաղեցնել, որ համապատասխան տեխնիկա աշխատի, ժամանակավոր անցուղի են սարքում։ Դա մտնում է շինհրապարակների կահավորման պարտադիր պայմանների մեջ, որ շինարարության ընթացքում պետք է տարածքն առանձնացված լինի, և մայթի հատվածում ապահովված լինի հետիոտների անցուդարձն անվտանգ ձևով։ Սակայն, որպես կանոն, ցանկապատը դրվում է մայթից ներս։ Ժամանակավոր անցուղի կառուցելը օրենքով թույլատրելի և պարտադիր գործողություն է»,–հայտնեցին քաղաքապետարանից։
Այսինքն` ստացվում է` քաղաքացիները պետք է սպասեն, մինչև ընկերությունը ցանկապատ դնի, իսկ դա կլինի մայթից ներս, թե դուրս, ժամանակը ցույց կտա։
Քաղաքապետարանում կարծում են, որ աղմուկ բարձրացնելու կարիք չկա. տարածքը սահմանազատված է ժամանակավոր անցուղի կառուցելու համար։