Ագարակում վերջերս նշեցին քաղաքի և քաղաքի շուրջը ձևավորված պղնձամոլիբդենային կոմբինատի 75-ամյակը։ Երկրաբանական հետախուզությունը (թե՛ այստեղ, թե՛ մի քիչ ավելի հյուսիս` Քաջարանում) սկսել էին դեռևս պատերազմական տարիներին, իսկ պատերազմից հետո երկու երիտասարդ քաղաքներում էլ սկսեցին գործել լեռնահանքային կոմբինատները, ընդ որում` դրանց աշխատանքը գրեթե չի ընդհատվել նույնիսկ 1992-93 թվականներին. այդ ծանր տարիներին դրանք արտարժույթի սակավաթիվ աղբյուրներից էին մեր երկրի համար։
«Հիշում եմ` այն ժամանակ մեքենայիս մարտկոցը բերում էի, տրակտորի մարտկոցից լիցքավորում ու տանում տուն։ Երկու փոքր լամպ էի միացնում դրան, մի շաբաթ հերիքում էր, երեխաները դաս էին անում դրա տակ»,-պատմում է կոմբինատի մեխանիզատոր-բուլդոզերավար Արմո Գևորգյանը։
Արդյունահանման ներկայիս ծավալների պարագայում Ագարակի հանքավայրի պաշարները (200 մլն տոննա հանքաքար) կբավականացնեն կես դար և նույնիսկ ավելի։ Առաջիկա տարիներին այստեղ պատրաստվում են պաշարների լրացուցիչ հետախուզում իրականացնել։
Թվում է, թե...
«Վերջին 12-13 տարում մենք արտադրողականությունը բարձրացնում ենք ոչ թե ֆիզիկական աշխատանքի, այլ նոր տեխնոլոգիաների հաշվին։ Հետևաբար մեզ ավելի շատ զոդողներ են պետք, պոմպերի օպերատորներ, փականագործներ, խառատներ։ Կարևորը նրանց գտնելն է»,,-ասում է Ագարակի կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի տնօրեն Վահե Դավթյանը։
Վահե Դավթյան
© Sputnik / Aram Gareginyan
Առարկում ենք Դավթյանին` թվում է, թե դրանք այդքան էլ հազվագյուտ մասնագիտություններ չեն, որ վարպետներին այդքան երկար փնտրելու կարիք լինի։
«Ճիշտ նկատեցիք` «թվում է»: Բայց իրականում վարպետների պակաս կա։ Իհարկե, ամեն ինչ այդքան վատ չէ, մանավանդ որ գրեթե ամեն ընտանիքում լեռնային վարպետներ կան, օրինակ կա աչքի առաջ։ Մեր ֆաբրիկան ժամանակին իմ հորեղբայրն է ղեկավարել, մինչև հիմա այստեղ դիսպետչեր է աշխատում։ Մյուս հորեղբայրս մեր շինվարչությունում էր, հայրս խառատ է, արդեն 50 տարի մեզ մոտ է աշխատում։ Բայց կադրերի խնդիրը կա»,- ասում է Դավթյանը։
Ո՞ւր են տանում երիտասարդների ճամփաները
Հիմա ավելի շատ հնարավորություններ կան մարզերից Երևան գնալու և ծրագրավորում կամ 3D դիզայն սովորելու համար (բավականին լավ աշխատավարձի հեռանկարով), իսկ առաջ սեփական գյուղում կամ քաղաքում մնալու հնարավորություններն էին ավելի շատ` նույնպես լավ վաստակելով։ Ընդ որում` որքան էլ հանքը կարևոր է, այն միակ տարբերակը չէր։
«Դպրոցի ու բանակի արանքում ես գնացի ռեզիստորների գործարան, Ագարակում ունեինք։ Այնտեղ գործարքային աշխատավարձ էր, բայց ես արագ հարմարվեցի, և ամիսը 500-600 ռուբլի էի ստանում»,-պատմում է մեզ արդեն ծանոթ բուլդոզերավար Արմո Գևորգյանը։
Վարպետ Արմոն հիշում է` մասնագիտությունը կարելի էր սովորել նույնիսկ բարձր դասարաններում։ Նրա հայրենի Կուրիս գյուղը Ագարակի վրա կախված լեռներում է։ Երբ նա ավագ դպրոց գնաց, ընտանիքը տեղափոխվեց քաղաք։
Արմո Գևորգյան
© Sputnik / Aram Gareginyan
Տեղի դպրոցում սեփական տրակտոր կար, որով երեխաներին մեքենավարություն էին սովորեցնում (դա առանձին առարկա էր, որը դպրոցներից անհետացավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո): Հենց այդ տրակտորի վրա էլ Արմոն և նրա ընկերներից ոմանք դեռ դպրոցում վարորդական իրավունք ստացան։
«Մենք նույնիսկ այդ տրակտորը տանում էինք, որ ծնողներին օգնենք հողային աշխատանքներում։ Կա՛մ Կարճևանում` մոտակա գյուղում, կա՛մ Ագարակում, մենք էլ ահագին այգիներ ունենք... Ուսուցիչներն առանձնապես չէին ջղայնանում, սոլյարկայի համար էլ ծնողներից փող չէին ուզում. այն ժամանակ դա կոպեկներ արժեր»,-հիշում է Գևորգյանը։
Այսպիսի պատրաստությունից հետո բանակում նրան լողացող ՀՄՄ վստահեցին (Դունայի վրա` Հունգարիայում), իսկ վերադառնալուց հետո հանք ընդունվեց որպես բուլդոզերավար` ընդամենը երկու շաբաթ աշակերտ լինելուց հետո։
«Արդյունքում արդեն 44 տարի է` հանքում եմ։ Արդեն 70-ն անց եմ, բայց դեռ կարծես թե չեն վռնդում։ Որդիս նույնպես այստեղ տրակտորիստ է աշխատում»,-ծիծաղում է նա։
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում
© Sputnik / Aram Gareginyan
Պրակտիկայով շատ էին տանջում նաև ապագա ինժեներներին։ Ագարակի հանքի հորատման և պայթեցման աշխատանքների ավագ վարպետ Նաիրի Խալաթյանը հիշում է` ամառային արձակուրդի մի ամիսը դրա վրա էր ծախսվում։
Վլադիկավկազի Հյուսիս-կովկասյան լեռնամետալուրգիական ինստիտուտից (նա ևս այնտեղ էր սովորում) ուսանողներին ուղարկում էին նաև լեռներ՝ երկրաբանական փորձարաններ, և Կաբարդինո-Բալկարիա՝ Տիրնիաուզի հանքավայր (վոլֆրամի և մոլիբդենի պաշարներով ԽՍՀՄ-ի խոշորագույն հանքերից մեկն էր), իսկ նախադիպլոմային պրակտիկայի նա եկավ արդեն անկախ Հայաստան՝ 1992 թվականին, Սոթքի ոսկու հանք (այնտեղ, ինչպես և Ագարակում, այդ բարդ տարիներին արդյունահանումը չի կանգնեցվել)։ 1995-ին Խալաթյանը վերադարձավ հայրենի Ագարակ։
Նաիրի Խալաթյան
© Sputnik / Aram Gareginyan
Այսօր ՀՀ բուհերը մի քանի տարին մեկ են պրակտիկանտներ ուղարկում հանքեր, իսկ Ագարակի պրոֆտեխնիկական ուսումնարանը, որը բանվորներ էր պատրաստում, փակվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նորեկներին հիմնականում հենց հանքում են սովորեցնում։
«Իմ բրիգադում մեծ մասը ջահելներ են։ Մեկը վերջերս եռամսյա պրակտիկայի եկավ։ Հայրը մեզ մոտ տրակտորիստ է եղել»,-ասում է Ագարակի հանքի գլխավոր էներգետիկ Մայիս Բոլյանը։
Նա հանք է եկել բանակից, որտեղ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կադրային զինվորական է եղել, հասել է ավագ լեյտենանտի աստիճանի։ Երիտասարդները սովորելու բան ունեն․ էքսկավատորների և հորատման տեխնիկայի մի մասը հոսանքով է աշխատում, ուստի էլեկտրալարերն ու դրանց հենարանները պետք է տեղից տեղ տեղափոխել (հանքում ընդհանուր առմամբ էլեկտրափոխանցման 10 կմ գիծ է գործում)։
Մայիս Բոլյան
© Sputnik / Aram Gareginyan
Ամեն ինչ միանգամից չի լինում
2011 թվականից սկսած՝ ավելի քան տասը տարվա ընթացքում, գրեթե ամբողջ կոմբինատում նոր սարքավորումներ են գնել՝ ռուսական, ֆրանսիական և գերմանական, որոնք փոխարինել են 40 տարվա հին սարքավորումներին։
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր
© Sputnik / Aram Gareginyan
Սկզբում արդյունահանված հանքաքարը բերվում է մանրացման արտադրամաս։ Այստեղ սենսորային էկրաններով կոնաձև ջարդիչ են տեղադրել, որը մեծացնում է աշխատանքի ճշգրտությունը: Ֆլոտացիայի արտադրամասում (որտեղ ավազի չափ մանրացված հանքաքարը խառնվում է ջրի և ռեագենտների հետ) նոր գծեր են տեղադրել, իսկ խտացման արտադրամասում (որտեղ պղինձ և մոլիբդեն պարունակող կիսահեղուկ ավազը չորանում է) տեղադրվել է նոր խտացուցիչ և մամլիչ-զտիչ, որը կիսահեղուկ զանգվածից (ավազից) քամում է ջրի մնացորդները։ Ինչպես մեզ պատմեց ֆաբրիկայի ղեկավար Վահե Դավթյանը, այժմ ավարտում են էքսպրես-անալիզատորի տեղադրումը, որը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ ավտոմատ որոշում է զանգվածի մեջ մետաղի պարունակությունը (նախկինում անալիզն իրականացվում էր ձեռքով և տևում էր 2-4 ժամ)։
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր
© Sputnik / Aram Gareginyan
Այնուամենայնիվ, անձնակազմի կրճատման մասին խոսք չկա․ հակառակը` կոմբինատում աշխատակիցների պակաս կա, իսկ նրանց միջին տարիքը 50-ից բարձր է։ Երիտասարդները հիմնականում ուզում են վարորդ աշխատել (էքսկավատորների, ինքնաթափների, բուլդոզերների), ու, ինչպես ասաց Արագարակի պղնձամոլիբդենային գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ատաղձագործների և խառատների մեծ պակաս կա։
Ալեքսանդր Բելյաև
© Sputnik / Aram Gareginyan
Գլխավոր տնօրենը նշեց, որ թե՛ Կուզբասում, թե՛ Յակուտիայում, թե՛ Անդրբայկալյան երկրամասում, որտեղ նա նախկինում աշխատել է, հիմա ավելի հազվադեպ են ընտրում լեռնային աշխատանքը։ Այնպես որ նա չի ուզում երիտասարդներին մեղադրողի դերում լինել (ուզում են ամեն ինչ ու միանգամից)։ Հանքափորի վարպետի աշխատանքն իսկապես հեշտ չէ, նա էլ է մեքենավարի օգնականից սկսել։ Իհարկե, բոլոր աշակերտները մի օր տնօրեն չեն դառնալու, բայց ամեն դեպքում․․․
«Մի քանի տարի առաջ մենք դպրոցն ավարտող երեխաներին առաջարկում էինք հեռավար քննություններ հանձնել Պետերբուրգի լեռնային ինստիտուտում։ Մենք մեզ վրա էինք վերցնում կեցության և ուսման բոլոր ծախսերը։ Առայժմ ցանկություն հայտնող չի եղել, և վերջին երեք տարում այդ հարցը չի քննարկվել»,-նշում է Բելյաևը։
«Ես ինքս աշխատել եմ Կուզբասի, Անդրբայկալյան երկրամասի և Յակուտիայի ածխի և ոսկու հանքավայրերում, Ռուսաստանի սահմաններից դուրս։ Ագարակում երկրաբանական կառուցվածքը համեմատաբար պարզ է և կանխատեսելի, կլիման էլ ավելի հարմար է աշխատելու համար: Այո՛, ամռանը այստեղ շատ շոգ է, բայց ես միշտ ասում եմ, որ +40-ի դեպքում շատ ավելի հեշտ է կազմակերպել աշխատանքը, քան -40-ի»,- ասում է Բելյաևը։
Բացի նրանից, հանքավայրում ևս մեկուկես տասնյակ ռուս մասնագետներ կան։ Այնուամենայնիվ, Բելյաևի խոսքով, հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց դրսից բերելն է, այլ տեղում սովորեցնելը։ Ոչ միայն հանքափորները, այլև փականագործներն ու խառատները սովորելու բան կունենան. կոմբինատում պատրաստվում են հաջորդ սերնդի հաստոցներ գնել (համակարգչից կառավարվող պլազմային կտրող մեքենաներ)։
«Եթե մարդիկ լինեն, որ կցանկանան սովորել, կսովորեցնենք և՛ այստեղ, և՛ Ռուսաստանում, խնդիր չկա»,-ընդգծում է կոմբինատի տնօրենը։
Իրանցի գործընկերների անհանգստությունը
Հանքավայրը մոտ է սահմանին, և իրանական կողմը մի քանի անգամ մտահոգություն է հայտնել սահմանային Արաքս գետի մաքրության վերաբերյալ: Գործարանը գետից վերցնում է իրեն անհրաժեշտ ջրի մի մասը (ինչպես վերևում նշեցինք, դրանով լվանում են մանրացված հանքաքարը` մետաղների մասնիկներ հանելու համար):
Վերամշակումից հետո ջուրը չի թափվում գետը, այլ կրկին ուղարկվում է գործարան: Ճիշտ է` խողովակաշարերն ու պոմպերը «բարոյապես» հնացել են, իսկ որոշ տեղերում` նաև ֆիզիկապես։ Բելյաևը նշում է` հիմա, երբ արտադրության վերազինումը հիմնականում ավարտվել է, ներդրումներն առաջին հերթին ուղղվելու են ջրամատակարարման համակարգի վերանորոգմանը (կոմբինատում տարեկան ներդրվում է մոտ 8 միլիոն դոլար):
«Նախորդ տարիների ընթացքում մեզ հաջողվել է վերաօգտագործման ուղղել ջրի 35-37%-ը, իսկ այս տարի արդեն եղել են ամիսներ, երբ այդ ցուցանիշը կազմել է 50-60%։ Հաջորդ տարվա սկզբին պետք է պատրաստ լինի հիմնանորոգման նախագիծը, ընդ որում` մենք ոչ միայն փոխարինելու ենք խողովակներն ու պոմպերը, այլև կկարողանանք «բռնել» ջուրը, եթե վթարային կանգառների ժամանակ խողովակներից արտահոսք լինի»,- ասում է Բելյաևը։
Հանքաքարի նմուշներ
© Sputnik / Aram Gareginyan
Բացի այդ, կատարվելու է լճակ-ջրամբարի մեկուսացում, քանի որ այստեղից ստորգետնյա արտահոսքերի միջոցով ջուրը կարող է թափանցել Արաքս։ Դրա տակ պոլիէթիլենի մի քանի շերտ կփռվի, այնուհետև ավազի և խճի շերտեր։ Բուն աշխատանքը կարող է մեկ տարի տևել, բայց կառավարության գործընկերների հետ պետք է մի շարք տեխնիկական հարցեր լուծվեն (այդ թվում` շտկեն կադաստրային քարտեզները)։
«Այն ամենը, ինչ ձեզ ասացի, մենք պարբերաբար ներկայացնում ենք նաև մեր իրանցի գործընկերներին»,-ավելացնում է Բելյաևը։
Կոմբինատն ինքն էլ պարբերաբար ստուգման համար նմուշներ է վերցնում ջրառի բոլոր կետերից` Արաքսից և նրա վտակներից, ինչպես նաև 11 ստորգետնյա հորատանցքերից (դրանցից երկուսը անցյալ տարի են փորել): Արաքսում նկատելի են նաև ֆոնային աղտոտումներ. Նախիջևանից հոսող ջրերում մշտապես արձանագրվում է ալյումինի թույլատրելի խտության գերազանցում: Արաքսի հայկական կողմի վտակներում գարնանը, ձնհալքի ժամանակ նկատվում է նիտրիտների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գրեթե կրկնակի գերազանցում։
«Հասկանալի է, որ կոմբինատից էլ է պղնձի և մոլիբդենի ինչ-որ պարունակություն գնում, բայց մենք արձանագրում ենք դրանք, հայտնում ենք դրանց մասին, իսկ առաջիկա տարիներին մտադիր ենք նվազագույնի հասցնել»,-ընդգծում է գլխավոր տնօրենը:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր
© Sputnik / Aram Gareginyan
Հայաստանում աշխատանքի ավելցուկ լինո՞ւմ է
Ագարակի կոմբինատում աշխատում է 1127 մարդ կամ Մեղրիի շրջանի բնակչության գրեթե 10%-ը (երեխաներն ու թոշակառուները ներառյալ): 10-15 տարի առաջ հարևան Մեղրիից օրական մեկ-երկու ավտոբուս էր գալիս կոմբինատ, հիմա` մի քանիսը։ Բացի այդ, թե՛ Մեղրիում, թե՛ Ագարակում շատ եկվորներ են ապրում։
«Սիսիանցիներ շատ ունենք, գորիսեցիներ ու կապանցիներ կան, իսկ անցյալ տարի Ղարաբաղից, Կաշենի հանքից 8 ընտանիք է եկել»,-նշում է հարստացուցիչ ֆաբրիկայի պետ Վահե Դավթյանը:
Բացի այդ, վերջերս այստեղ սկսվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, որի ընթացքում իրանցի կապալառուին (Tunnel Sadd Ariana ընկերությանը) պայմանագրային հիմունքներով աջակցում է Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը: Եվ վերջապես Մեղրիից ոչ հեռու փոքր ոսկու հանք է գործում (Լիճքվազի հանքը)։
Այնպես որ աշխատանքն այստեղ ոչ թե հերիքում է, այլ նույնիսկ «ավելցուկ է տալիս»։ Այդ պատճառով է, որ շատ քիչ են այլ արտադրությունները (օրինակ` կաթնամթերքի կամ հրուշակեղենի գործարանները): Չնայած մերձարևադարձային մրգերի համար նպաստավոր կլիմային` շատ քիչ են խոշոր այգիները (թեև վերջին տարիներին սկսել են այդպիսիք հայտնվել)։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային դրոշը և Հայաստանի զինանշանը
© Sputnik / Aram Gareginyan
Իհարկե, այստեղ չես կարող տնամերձ փոքրիկ այգի չունենալ` խուրմայի, թզի, նռան և այլ մրգերի պարտադիր հավաքածուով («Այ որ մի երկու շաբաթից գայիր, կիվի կհյուրասիրեի,-մեզ ասաց հանքի վարորդներից մեկը): Բայց քչերն են «ամբողջ դրույքով» հողագործությամբ զբաղվում։
Մեղրիի շրջակա գյուղերը քաղաքացիների համար ամառանոցների են վերածվել. Օրինակ` ձմռանը Գուդեմնիս գյուղում ընդամենը մեկ ընտանիք է մնում:
Հանուն արդարության պետք է նշել, որ մարզում ոռոգման ջրի պաշարները սահմանափակ են, բայց հաջորդ տարի այստեղ ցանկանում են ջրամբարի կառուցում սկսել։
Աշխատատեղերից բացի
Կոմբինատն ամեն տարի 36 մլն դրամ է փոխանցում Մեղրիի համայնքապետարանի բյուջե։ Այս տարի կոմբինատը նաև միջոցներ է հատկացրել Ագարակում և Մեղրիում 8 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, հովանավորում է Ագարակի մանկապարտեզն ու մարզադպրոցը:
Համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանն ասում է, որ կառավարության հետ պայմանագրի համաձայն`ձեռնարկությունը տարեկան պետք է որոշակի գումար հատկացնի համայնքի բյուջեին, բայց նշվածից շատ է տալիս։
Արմեն Անտոնյան
© Sputnik / Aram Gareginyan
«Ջրամատակարարման պոմպն է պետք վերանորոգել, թե ճանապարհը նորոգել կամ օգնել քաղաքային տրանսպորտին. կոմբինատն արձագանքում է այս և այլ հարցերի վերաբերյալ մեր ցանկացած խնդրանքին։ Իհարկե, նրա բյուջեն էլ անվերջ չէ, բայց չի եղել դեպք, որ մեր խնդրանքն անուշադրության մատնեն»,- նշում է Անտոնյանը։
«Հավանո՞ւմ եք այստեղի աշխատանքը» սովորական դարձած հարցին Բելյաևը պատասխանում է. «Չգիտեմ` մյուսներն ինչպես, բայց ես պատրաստ եմ երկար մնալ այստեղ»:
Ուրեմն տեղի բնակիչների մասին ավելորդ է խոսել… Իհարկե, միայն ցանկությունը քիչ է, բայց այստեղ նաև հնարավորություններ կան, ընդ որում` իրագործելի: