Վրաստանի իշխանությունների որոշումը ԱԳՆ-ից հետո դատապարտել են նաև ՊՆ–ի ներկայացուցիչները

Հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան երկրի ինքնիշխանության և անվտանգության ճանապարհն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ԱԳՆ աշխատակիցներից հետո երկրի պաշտպանության նախարարության շուրջ 50 ներկայացուցիչներ հայտարարություն են ստորագրել իշխանությունների` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ:
«Մեզ համար կարևորագույն պարտականությունը պետական անվտանգության հաստատումն է, անվտանգության բարձրացումը և հավատարմությունը Սահմանադրությանը։ Վրաստանի ՊՆ-ն երկար տարիներ հաջողությամբ սպասարկել է երկրի ազգային շահերը։ Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան ճանապարհ է դեպի երկրի ինքնիշխանություն և անվտանգություն», - ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ի՞նչ է կատարվում հիմա Թբիլիսիում

Այս պահին ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման դեմ բողոքողները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ: Ռուսթավելու պողոտան փակ է, այնտեղ ոստիկանական կուտակումներ են։ Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակներից: Իրավապահների տվյալներով՝ այժմ ցուցարարները սոցցանցերում քննարկում են ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ երկաթուղային կայարանների և կենտրոնական մայրուղիների արգելափակման հնարավորությունը:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա արհեստական գործիքների միջոցով շանտաժի ենթարկել երկիրը:
Թբիլիսիում ցույցը ցրելու ժամանակ իրավապահ մարմինների 32 աշխատակից է տուժել. Վրաստանի ՆԳՆ
«Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել մեր երկրի շուրջ, այդ գործընթացները սկսվել են դեռևս 2022 թվականի փետրվարից, երբ երկիրը փորձում էին ներքաշել պատերազմի մեջ, դրանք շարունակվում են նաև հիմա»,– ասել է նա։
Նախօրեին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում ամբողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, անկարգություններ են տեղի ունեցել` մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում՝ աղբամանների և անվադողերի հրկիզմամբ։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Վրացական հատուկջոկատայինները քանդել են արևմտամետ ընդդիմության մասնակիցների տեղադրած բարիկադները՝ արցունքաբեր գազով, ծխային ռումբերով և ջրցան մեքենայով նրանց հետ մղելով կենտրոնական հրապարակից։