Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է ՔՊ–ական Ալեքսանդր Ավետիսյանին

Զեյնալյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ սեփական նախաձեռնությամբ դադարեցնում է պատգամավորի իր լիազորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական ցուցակի հերթական համարին` Ալեքսանդր Ավետիսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշվում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և այդ հիմքով նրա մանդատը տրամադրել Ավետիսյանին։
Հիշեցնենք` նոյեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը։
Նոյեմբերի 22–ին Հանրայինի հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մանդատը դնելու խնդրանքով ինքն է դիմել Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին` հույս հայտնելով, որ Աղազարյանի մասով նույնպես իր խնդրանքն անարձագանք չի մնա։
Սպասում եմ մոսկվացի ընկերոջս. Հովիկ Աղազարյանը բացատրել է` ինչու վայր չի դնում մանդատը