Մերձավորարևելյան փխրուն հրադադարը. պատերազմն ավարտվեց, տարաձայնությունները մնացին

Մերձավոր Արևելքում այս շաբաթ ավարտվեց հերթական պատերազմը. համենայնդեպս Իսրայելն ու «Հզբոլահ» կազմակերպությունը համաձայնեցին դադարեցնել ռազմական գործողությունները, տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց սահմանամերձ բնակավայրերը։
Sputnik
Հույս կա, որ այլևս ռումբեր չեն պայթելու մայրաքաղաք Բեյրութում, «Հզբոլահը» հետ է քաշվելու, Իսրայելը դուրս է գալու Լիբանանի տարածքից, իսկ սահմանը վերահսկելու են Լիբանանի կառավարական զորքերը։
Թվում է, թե կարելի է հանգիստ շունչ քաշել՝ վերջապես խաղաղություն կհաստատվի հայաշատ Լիբանանում։ Բայց, չգիտես ինչու, շատերին չի լքում դեժավյուի զգացումը՝ ախր այս ամենն արդեն տեսել ենք. 2006 թվականին էլ ավարտվեց հերթական պատերազմը, ՄԱԿ-ը համապատասխան բանաձև ընդունեց, որի համաձայն Իսրայելը պիտի դուրս բերեր իր զորքերը Լիբանանից, սահմանը պիտի վերահսկեին լիբանանյան բանակն ու ՄԱԿ-ի խաղաղապահները, «Հզբոլահը» պիտի զինաթափվեր և այլն։ Այսինքն, հիմա՝ 18 տարի անց, պատկերը նույնությամբ կրկնվում է։ Զոհերի քանակն է էապես ավելացել։
Թեժ կրքեր Նեթանյահուի հնարավոր ձերբակալության շուրջ. Եվրոպան խուսանավում է, ԱՄՆ–ն դեմ է
Իհարկե, ինչպես ասում են, նույնիսկ խախուտ խաղաղությունը պատերազմից գերադասելի է։ Բայց էստեղ սկզբունքային խնդիր կա, որը խիստ հրատապ է նաև մեզ համար. արդյոք պատերազմների միջոցով հնարավո՞ր է վերջնական խաղաղության հասնել։ Մանավանդ, եթե այնքան էլ հասկանալի չէ, թե ով է հաղթել պատերազմում։ Հիշենք, որ 1994-ին, երբ մենք՝ հայերս, համոզված էինք, թե կատարյալ հաղթանակ ենք տարել, Ադրբեջանն այդպես էլ չընդունեց իր պարտությունը և խաղաղության մասին համապարփակ համաձայնագիր չկնքեց, իսկ հետագա տարիներին պարզ դարձավ, որ պատերազմը ամենևին չի լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ոչ մի հարց չլուծեց նաև 2006 թվականի Իսրայել-Հզբոլահ պատերազմը։ Եվ հենց այն իրողությունը, որ պատերազմը խաղաղություն չի բերում, տարիներ անց դարձավ լայնածավալ գործողությունների վերսկսման հիմնական պատճառը թե′ մեզ մոտ՝ Հարավային Կովկասում, թե′ Մերձավոր Արևելքում։
Իսրայելն ու «Հզբոլահը» հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին, ամենայն հավանականությամբ, ի վերջո մենք էլ առաջիկայում Ադրբեջանի հետ կստորագրենք այդ բազմաչարչար Խաղաղության պայմանագիրը։ Իսկ հետո՞։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շատերը կապում են Դոնալդ Թրամփի հետ, և էդպիսի կանխատեսումները հիմք ունեն։
Տեսե′ք։ Հրադադարի պայմանները՝ իսրայելական զորքի դուրս բերում, «Հզբոլահի» հետքաշում, Լիբանանի բանակի տեղակայում սահմանի երկայնքով, պետք է կատարվեն 60 օրվա ընթացքում։ Հենց մոտ 60 օր հետո էլ Սպիտակ տուն կմտնի Դոնալդ Թրամփը։ Իսկ այդ մարդու վարքագիծն անկանխատեսելի է, և նա կարող է դիմել աննախադեպ քայլերի։
Բրիտանացի մեկնաբաններից մեկը չի բացառում նույնիսկ այսպիսի սցենարը. Դոնալդ Թրամփն անսպասելի այցով ժամանում է Թեհրան, ինչից հետո էապես բարելավվում են հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իրանի միջև։ Իսկ քանի որ «Հզբոլահին» հենց Իրանի հետ են կապում, կտրուկ նվազում է նաև այդ կազմակերպության՝ Իսրայելի դեմ ուղղված ակտիվությունը։ Ասում եք՝ ֆանտաստի՞կ սցենար է։ Այդ դեպքում հիշե′ք, թե ինչպես Ռիչարդ Նիքսոնը 1972 թվականին անսպասելի այցելեց Չինաստան, ինչից հետո բարելավվեցին երկու տերությունների հարաբերությունները։
Սակայն, այո′, կարող է նաև ճիշտ հակառակը կատարվել։ Թրամփը, որը մինչև հիմա, թեկուզ առանց մեծ ոգևորության, բայց այնուամենայնիվ ընդունում էր հրեաների և պաղեստինցիների երկու առանձին ինքնիշխան պետությունների ստեղծման գաղափարը, հանկարծ կտրուկ փոխում է դիրքորոշումը, ինչը թույլ է տալիս Իսրայելին անեքսիայի ենթարկել թե′ Գազայի հատվածի, թե′ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան ինքնավարության տարածքների մի զգալի մասը։ Իհարկե, նման զարգացումն էլ է քիչ հավանական։ Բայց չմոռանանք, որ ըստ վերջին հարցումների, Իսրայելի քաղաքացիների մոտ կեսը հավանություն չի տալիս հրադադարի մասին որոշմանը և գտնում է, որ Իսրայելը պետք է բոլոր միջոցներով մինչև վերջ շարունակեր պայքարել «Հզբոլահի» դեմ։ Իսկ Իսրայելի ռազմական կաբինետում հրադադարի մասին որոշմանը դեմ քվեարկած միակ մարդը՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, սոցիալական ցանցերից մեկում գրել է. «Սա հրադադար չի։ Սա վերադարձ է «լռություն լռության դիմաց» նախկին հայեցակարգին, որը տեսանք, թե ինչի հանգեցրեց անցած տարվա հոկտեմբերի 7-ին»։
Թրամփի 2-րդ գալստյան հետ կապված մտահոգությունները, կամ ոմանք պատրաստվում են Մեծ միջադեպին
Այսինքն, մի կողմից, կարելի է փաստել, որ միանշանակ դրական բան է կատարվել Մերձավոր Արևելքում, կրակոցները դադարել են, ռումբերն այլևս չեն ընկնում Բեյրութի թաղամասերի վրա, մարդիկ բարձում են ունեցվածքը և մեքենաներով ուղևորվում դեպի իրենց լքված տները, չնայած ճանապարհները դեռ վերահսկում են իսրայելցի զինվորները։ Բայց մյուս կողմից, ոչ մի հրադադար հավերժ չի գործի, քանի դեռ չեն լուծվել հակամարտող կողմերի սկզբունքային տարաձայնությունները։ Համաձայնե′ք, հենց դա է պատճառը, որ հայաստանյան հասարակությունն արդեն վաղուց թերահավատորեն է ընդունում մեր բարձրաստիճան պաշտոնյաների պարբերաբար կրկնվող հայտարարությունները, թե խաղաղության պայմանագրում մնում է համաձայնեցնել ընդամենը մեկ-երկու կետ։ Արդյոք դրանք հենց այն կարևորագո՞ւյն դրույթներն են, արդյոք շանսեր ունե՞նք հաղթահարելու սկզբունքային տարաձայնությունները։ Պատասխան չկա։