ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի անդրադառնում և չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալիս բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Ես այն մտքին եմ, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում ԼՂ վերադարձի իրավունքի վրա։ Դա որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ ամրագրված։ Որոշակի նշումներ կան դրա մասին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»,- նշեց Ղազարյանը։
Բացի դրանից, ՆԳ փոխնախարարը նշեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշում կա այդ մասով և ՀՀ քաղաքացիության ստացումն այդ հարցին չի հակասում։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 3611 բռնի տեղահանված արցախցի։