ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Սիրիայում զոհվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի ռազմական խորհրդականների հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Կիումարս Փուրհաշեմին։ Տեղեկությունը հայտնում է «Fars»-ը:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական կազմակերպության մաս կազմող խմբավորումները, որոնք գտնվում են Հալեպի և Իդլիբի նահանգներում, նոյեմբերի 27-ին խոշոր հարձակում են իրականացրել՝ հարվածներ հասցնելով այդ շրջաններում գտնվող բնակավայրերին և ռազմական դիրքերին: Սիրիայի զինված ուժերն արձագանքել են հարձակմանը, զինյալները կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ են կրել: Մարտերը դեռ շարունակվում են։
«Հալեպում իրանցի բարձրաստիճան խորհրդականներից մեկը՝ գեներալ Կիումարս Փուրհաշեմին (հայտնի է Հաջ Հաշիմ անունով), զոհվել Է Հալեպում վարձկան-ահաբեկիչների հարձակման հետևանքով», – ասված է հաղորդագրության մեջ:
Արևմտյան ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ գրոհայինները գրավել են Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող մոտ 10 շրջան: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանք հայտնվել են նահանգի համանուն վարչական կենտրոնի ծայրամասերից գրեթե 10 կմ հեռավորության վրա:
*Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: