ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն Կիևին մատակարարվող բոլոր արևմտյան հրթիռների ավելի մեծ հեռահարության և ավելի ուժեղ օրինակներն ունի։ Այս մասին Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ATACMS-ի (ամերիկյան հրթիռներ) բոլոր երեք մոդիֆիկացիաների ռուսական անալոգը «Իսկանդեր» հրթիռային համակարգն է»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ «Իսկանդերը» ունի մարտական մասի նույն զանգվածը՝ տրոտիլային համարժեքով արտահայտված։
Նրա խոսքով` «Իսկանդերը» ավելի մեծ հեռահարություն ունի, իսկ ամերիկյան նոր PrSM հրթիռն իր բնութագրերով ոչնչով չի գերազանցում ռուսական տարբերակը։
Ռուսաստանն ունի նաև բրիտանական «Storm Shadow»-ի, ֆրանսիական «SCALP»-ի և գերմանական «Taurus»-ի անալոգները։ Դա օդային տեղակայման Х-101 հրթիռն է, որն ունի հզորությամբ նմանատիպ մարտական մաս, սակայն հեռահարությամբ զգալիորեն գերազանցում է եվրոպական արտադրության յուրաքանչյուր համակարգի։
ՌԴ առաջնորդը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի ռազմարդյունաբերության «մենյուն» կհամալրվի նաև նոր և բացառիկ գերձայնային համակարգերով։
«Այդ դասի ապրանքների մեր «մենյուում», եթե այդպես կարելի է ասել, առաջիկա տարիներին կարող են հայտնվել նաև այլ ապրանքներ։ Ինչպես ասում են նման դեպքերում, հաճախորդը, անկասկած, գոհ կմնա», – ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն իր զինանոցում ունի նաև «Կալիբր» համալիրներ, «Կինժալ» և «Ցիրկոն» գերձայնային հրթիռային համակարգեր, որոնք իրենց բնութագրերով նույնպես նմանը չունեն աշխարհում։ Դրանց արտադրությունն այժմ ընթանում է մեծ թափով:
Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։
Փաստաթղթի հիմնական սկզբունքը հետևյալն է` միջուկային զենքը երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ծայրահեղ միջոցն է։ Դոկտրինում ընդլայնվել է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Ավելացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք պահանջում են նման գործողությունների չեզոքացում։ Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Նոյեմբերի 21-ին Պուտինը հայտնեց` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ թույլ են տալիս հեռահար բարձր ճշգրտության զենք կիրառել, ինչից հետո ամերիկյան և բրիտանական հրթիռները հարձակվեցին Կուրսկի և Բրյանսկի մարզերում գտնվող ռուսական օբյեկտների վրա:Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը, ի պատասխան այդ հարձակումների, ռուսական նորագույն «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռները (ոչ միջուկային տարբերակով) առաջին անգամ կիրառեց Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտի՝ Դնեպրի «Յուժմաշ» գործարանի ուղղությամբ։