ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը պարզ է և թափանցիկ, Արևմուտքի երկրները պետք է ուշադիր կարդան այն։ Այս մասին Աստանայում ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ դոկտրինն ինքնին պարզ է, հասկանալի, թափանցիկ։ Մենք, կարծում եմ, ամեն ինչ պարզ ու հասկանալի ենք շարադրել այնտեղ։ Այդ իսկ պատճառով գործընկերներին, հատկապես արևմտյան գործընկերներին խնդրում եմ հանգիստ, ուշադիր ընթերցել այն, ոչ թե կտորներ պոկել ու ինչ–որ ավելորդ բան հորինել։ Այնտեղ ամեն ինչ հստակ և պարզ է գրված»,- ասել է Շոյգուն։
Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։
Փաստաթղթի հիմնական սկզբունքը հետևյալն է` միջուկային զենքը երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ծայրահեղ միջոցն է։ Դոկտրինում ընդլայնվել է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Ավելացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք պահանջում են նման գործողությունների չեզոքացում։ Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Նոյեմբերի 21-ին Պուտինը հայտնեց` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ թույլ են տալիս հեռահար բարձր ճշգրտության զենք կիրառել, ինչից հետո ամերիկյան և բրիտանական հրթիռները հարձակվեցին Կուրսկի և Բրյանսկի մարզերում գտնվող ռուսական օբյեկտների վրա:Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը, ի պատասխան այդ հարձակումների, ռուսական նորագույն «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռները (ոչ միջուկային տարբերակով) առաջին անգամ կիրառեց Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտի՝ Դնեպրի «Յուժմաշ» գործարանի ուղղությամբ։