ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են առաջադրվելու թեկնածուները։
«Միակ տարբերակն ինքնառաջադրումն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն լուսանկար, անձնագրային տվյալներ, ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։ Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։
«Թեկնածուների գրանցումը կիրականացնի ՔՊ վարչությունը՝ հիշատակված և այլ քաղաքական չափանիշներին համապատասխան՝ունենալով որոշակի քաղաքական հայեցողություն»,- նշել է Փաշինյանը։
Ինքնառաջադրման ժամկետը սկսվում է հիմա և ավարտվում դեկտեմբերի 2-ի կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։