Լուկաշենկոն Պուտինից կատակով «Օրեշնիկ» է խնդրել

Լուկաշենկոն ասել է, որ զենքի տեղակայման համար Բելառուսում պատրաստ են համապատասխան տարածքները:
Sputnik
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական նորագույն «Օրեշնիկ» հրթիռային համակարգը սթափեցրել է նրանց, ովքեր աշխարհը հասցրել են երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
Ռուս լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյոք «Օրեշնիկ» համակարգը պետք է սթափեցնի նրանց, ովքեր աշխարհը կանգնեցրել են երրորդ համաշխարհային պատերազմի եզրին, Բելառուսի ղեկավարն ասել է. «Արդեն սթափվել են։ Դա մենք անմիջապես տեսնում ենք լրատվամիջոցների հայտարարություններից։ Արդեն չկա միասնական գիծ ։ Սա խոսում է մի քիչ շփոթված լինելու մասին։ Բայց զենքը լավն է»։
Նա պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կատակով առաջարկել է Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռային համակարգ տեղակայել, ինչպես դա արվել է մարտավարական միջուկային զենքի դեպքում:
«Ես ավագ եղբորս հետ կատակեցի, ասացի`Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայման համար տարածքները պատրաստ են», - ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։
Փաստաթղթի հիմնական սկզբունքը հետևյալն է` միջուկային զենքը երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ծայրահեղ միջոցն է։ Դոկտրինում ընդլայնվել է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Ավելացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք պահանջում են նման գործողությունների չեզոքացում։ Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Նոյեմբերի 21-ին Պուտինը հայտնեց` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ թույլ են տալիս հեռահար բարձր ճշգրտության զենք կիրառել, ինչից հետո ամերիկյան և բրիտանական հրթիռները հարձակվեցին Կուրսկի և Բրյանսկի մարզերում գտնվող ռուսական օբյեկտների վրա:Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը, ի պատասխան այդ հարձակումների, ռուսական նորագույն «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռները (ոչ միջուկային տարբերակով) առաջին անգամ կիրառեց Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտի՝ Դնեպրի «Յուժմաշ» գործարանի ուղղությամբ։