ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ–ն, գագաթնաժողովում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը չի առարկում նիստերում քննարկվող փաստաթղթերի ընդունմանը:
«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Դա, Ի դեպ, բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը», - ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից մեկը։
«Առկա խնդիրների լուծման և անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին գտնվում է մեր Եվրասիայում՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի, մշակույթների և քաղաքակրթությունների փոխներթափանցման հազարամյա փորձով։ Միջազգային հարաբերությունների նոր հարացույցում ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգությունը ձևավորող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը, միտում թելադրի տարածաշրջանային անվտանգության ամբողջ օրակարգին», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։