ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը:
Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանզի այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ցանկացած երկրի իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։
ՌԴ նախագահը նաև շեշտեց՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:
Նա նկատեց՝ ՀԱՊԿ-ը ոչ միայն ողջ է, այն նաև զարգանում է, անդամ-պետություններն էլ, որոնք ակտիվ գործում են դրա շրջանակներում, հետաքրքրված են, որ պահպանեն այդ կոնտակտները և՛ հիմա, և՛ ապագայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ երկիրը սառեցրել է ՀԱՊԿ-ում մասնակցությունը։ Սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ը նաև անվանում էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարում, որ կազմակերպության հետ հարաբերություններում չվերադարձման կետն անցել է:
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել են Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականներին՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չկա. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: