Էրեբունիում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել

Բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ պարզվել է, որ 11 տեղանքներ են լուսանկարվել և կոորդինատներ են ուղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երևանում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 24-ին պարեկները Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ են նկատել ու ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով մեքենայի վարորդին և ուղևորին բաժին են տեղափոխել։ Նրանք հայտնել են, որ մեքենայում ևս թմրանյութ կա։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և հարցաքննվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են գետնին նետված 12 փաթեթներ, իսկ ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված 25 մանր փաթեթ։
Դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է։
Ձերբակալվածների բջջային հեռախոսում թվային խուզարկությամբ պարզվել է, որ Արին-Բերդ փողոցի տարբեր հատվածներում բջջային հեռախոսով կատարվել է 11 տեղանքի լուսանկարում, որոնց վրա գրված են եղել կոորդինատներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրանց մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
Էրեբունիում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել