ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է առատ ձյան պատճառով:
Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղու (90-ից 112-րդ կմ), ինչպես նաև Ախալքալաք- Կարծախ ավտոճանապարհի 1-ից 36-րդ կմ հատվածում իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վատ եղանակի պատճառով արգելվել էր բեռնատարների, իսկ նոյեմբերի 26–ից՝ մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: