Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում անհայտ անձանց խումբ է բռնվել: Տեղեկությունը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, գիշերը:
«Մի խումբ անձինք՝ զինված հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք: CWR ռենջերները ժամը 23:30-ից սկսած Տասանորդ լեռան լանջին նկատել են ավտոմեքենայի և ձեռքի լապտերների լույսեր, իրականացվել է հետախուզում: Դեպքի մասին նախազգուշացվել են էկոպարեկային ծառայության աշխատակիցները»,- ասված է հաղորդագրությունում:
Համատեղ ուժերով ճանապարհները փակվել են, անձանց խումբը բռնվել է, առգրավվել է 2 միավոր ակոսափող հրազեն՝ առանց փաստաթղթի:
Անհայտ անձինք փորձել են կրակել պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը:
Տարածքը հատուկ պահպանության ներքո է՝ FPWC-ի և պետական կառույցների կողմից, իսկ որսի իրականացումն այդտեղ խստիվ արգելված է: