Թեժ կրքեր Նեթանյահուի հնարավոր ձերբակալության շուրջ. Եվրոպան խուսանավում է, ԱՄՆ–ն դեմ է

Բենիամին Նեթանյահու
Ձերբակալե՞լ Իսրայելի վարչապետին, թե՞ ոչ. այսպես կարելի է հակիրճ ներկայացնել այն վիճաբանության էությունը, որը վերջին երկու օրերին Իտալիայում ծավալել էին Մեծ յոթնյակի անդամ երկրների արտգործնախարարները։
Sputnik
Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը որոշեց, որ Բենիամին Նեթանյահուն անձամբ քրեական պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչության դեմ միտումնավոր հարձակումներ համար, և նրան ձերբակալելու օրդեր տվեց, արդեն պարզ էր, որ դա ամենևին միանշանակ չի ընդունվելու Իսրայելի դաշնակիցների կողմից։
Իհարկե, Եվրամիության փաստացի արտգործնախարար Ժոզեպ Բորելը եվրոպացիներին կոչ է անում անվերապահորեն ենթարկվել դատարանի որոշմանը՝ իրավացիորեն փաստելով. «Դուք չեք կարող ծափահարել, երբ դատարանը Պուտինի դեմ որոշում է կայացնում, և լռել, երբ նույն դատարանը հանդես է գալիս Նեթանյահուի դեմ»։
Սակայն արևմտյան մեկնաբաններից մեկը նկատում է. «Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես է Նեթանյահուին ձերբակալում Գերմանիան՝ մի երկիր, որտեղ իրականացվել է հրեաների ցեղասպանությունը, ինչից հետո փաստորեն հրեաները որպես փոխհատուցում ստացան Մերձավոր Արևելքում իրենց սեփական պետությունը կերտելու իրավունքը»։
Ի դեպ, Եվրամիությունում կա առնվազն մի երկիր, որի ղեկավարը՝ Վիկտոր Օրբանը, Նեթանյահուին արդեն հրավիրել է Հունգարիա՝ ողջ աշխարհին ցուցադրելով, որ ամենևին չի պատրաստվում ենթարկվել քրեական դատարանի որոշմանը։ Մյուս եվրոպական երկրների առաջնորդներն աշխատում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալման մասին լրագրողների շատ կոնկրետ հարցերին պատասխանել այնպես, ինչպես «Նվագախմբի տղաները» ֆիլմում Դինջ մականունով միամիտ ձևացող հերոսն էր պատասխանում հրամանատարին. «Ախր, պարո՛ն պալկովնիկ, որ իմանամ՝ ինչ եք ուզում, որ ասեմ՝ կասեմ, բա որ չգիտեմ` ինչ եք ուզում, որ ասեմ, ի՞նչ ասեմ»:
Ընդամենը մի օրինակ բերեմ։ Երեքշաբթի կայացած ասուլիսում լրագրողներից մեկը հարց ուղղեց Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ եթե Նեթանյահուն գա Շվեդիա, կձերբակալվի՞, թե՞ ոչ։ Վարչապետի պատասխանը. «Մենք աջակցում ենք դատարանի աշխատանքին, մենք դատարանի կողմն ենք, բայց ես երբեք չեմ միջամտում կոնկրետ որոշումների հարցում»։ Կներե՛ք, դուք որևէ բան հասկացա՞ք. Իսրայելի վարչապետը Ստոկհոլմում կհայտնվի՞ ճաղերի հետևում, թե՞ ոչ։
Մինչ Եվրոպայում այսպես խուսանավում են` փորձելով հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին, այսինքն՝ մի կողմից ցուցադրել իրենց օրինապաշտությունը, մյուս կողմից չնեղացնել իրենց դաշնակից Իսրայելին, Ամերիկան ամենևին չի թաքցնում իր խիստ բացասական վերաբերմունքը ոչ միայն Նեթանյահուի վերաբերյալ կայացված վճռի, այլև ընդհանրապես Միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Ավելին` ամերիկացի սենատոր, հանրապետական Թոմ Քոթոնը, որին, ըստ շրջանառվող լուրերի, Դոնալդ Թրամփը նույնիսկ մտադիր էր պաշտպանության նախարար նշանակել, սոցցանցերից մեկում ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել քրեական դատարանի դեմ կիրառել այսպես կոչված «Ներխուժման մասին Հաագայի ակտը»։
Լուրջ մտահոգություններ. ի՞նչ ցույց տվեց Բաքվի համաժողովը
Երևի քչերը գիտեն, որ դեռ 2002 թվականին, երբ սկսեց գործել Միջազգային քրեական դատարանը, ամերիկյան Կոնգրեսն ընդունեց մի օրենք, որով Միացյալ Նահանգների գործող նախագահին թույլատրեց միջոցներ ձեռնարկել Հաագայի դատարանի որոշմամբ ազատազրկված ամերիկացի զինվորականներին ազատ արձակելու համար։ Մեջբերեմ սենատոր Թոմ Քոթոնի խոսքերը. «Միջազգային քրեական դատարանը արդարադատության տնազն է, իսկ նրա դատախազ Քարիմ Խանը՝ խենթ ֆանատիկոս։ Վայն եկել–տարել է նրան և ցանկացած մեկին, ով կհանդգնի ի կատար ածել այդ անօրինական օրդերը։ Իզուր չէ, որ ավելի քան 20 տարի առաջ մեր ընդունած օրենքը կոչվում է «Ներխուժման մասին Հաագայի ակտ»։ Մտածե՛ք այդ մասին»,- ասել է Քոթոնը։
Ինչպես տեսնում եք, Մեծ յոթնյակին հազիվ թե հաջողվի միասնական վերաբերմունք ձևավորել Նեթանյահուի հնարավոր ձերբակալման հարցում, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա։
«Երբ Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին, իտալական մամուլը պարզապես ցնծում էր։ Հիմա, երբ նման որոշում է կայացվել Բենիամին Նեթանյահուի վերաբերյալ, իտալացի լրագրողներն այն «ամոթալի դատաստան» են անվանել։ Եվ դա միանգամայն հասկանալի է՝ դաշնակիցները հո չե՞ն կարող հանցագործ լինել»,- հեգնում է Հռոմում լույս տեսնող «Օրվա փաստեր» օրաթերթը։
Իսկ իտալացի քաղաքական գործիչ և հրապարակախոս Սալվատորե Կաննավոն փաստում է. «Անցած տարվա մարտին, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում ընդունեց Ռուսաստանի նախագահի վերաբերյալ, «Il Foglio» թերթն իր առաջին էջում մեծ տառերով գրել էր. «Ժամանակն է նստեցնել Պուտինին»։ Մեկնաբանելով Իսրայելի վարչապետի նկատմամբ կայացրած վճիռը` նույն թերթն իր հոդվածներից մեկը վերնագրել էր` «Ընդդեմ խայտառակ դատարանի», իսկ այդ պարբերականի հիմնադիր Ջուլիանո Ֆերրարան արտահայտվել էր շատ կտրուկ. «Պետք է անհապաղ լքել այդ խելագար դատարանը և դուրս պրծնել դրա ճանկերից։ Երկակի ստանդարտների հրաշալի օրինակ»։