ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրեր, և երկրի գլխավոր ավտոճանապարհին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում է առաջացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բեյրութից դեպի Լիբանանի հարավ տանող ճանապարհին հերթ է գոյացել առավոտից, երբ պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Լիբանանի մայրաքաղաքից 35 կմ հարավ գտնվող Սայդա քաղաքի մուտքի մոտ ցերեկը երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել: Սայդայի բնակիչները դուրս են եկել աջակցելու հարավի բնակիչներին, որոնք, չնայած երկար և դժվարին ճանապարհին, նախընտրել են ոչ թե մնալ ժամանակավոր կացարաններում, այլ վերադառնալ իրենց տներ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։